Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից. Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիս է տվել

Ալեքսանդր Պետրակով
Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախաղախային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Վաղվա հանդիպումը շատ կարևոր է, վճռորոշ հանդիպում է։ Եթե հաղթենք Թուրքիայի թիմին, 90 տոկոս կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ 5 եզրափակիչ է մնացել։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից, դուրս կմնանք հետագա պայքարից։ Հնարավոր ոչ ոքի արդյունքի դեպքում՝ խաղից հետո կխոսենք, թե ինչ նշանակություն կունենա»,-ասել է Պետրակովը։
Թուրքիայի հավաքականից նա որպես լավ խաղացողներ առանձնացրել է Ունդերին և Չալհանօղլուին։
«Մենք աշխատում ենք ստանդարտ դիրքերից հարվածների վրա։ Կիպրոսի դեմ խաղում անկյունայինից հետո գոլ խփեցինք։ Հզոր ֆիզիկական տվյալներով հայ ֆուտբոլիստները աչքի չեն ընկնում, բարդ է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Պետրակովը։
Հիշեցնենք՝ Թուրքիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Երևանում տեղի ունեցած խաղում Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով։
D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում և 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։