«Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են կառավարության պատասխանից

Կառավարությունից առևտրականներին ասել են, որ ընկերությանը զսպելու և նոր օրենքի նախագիծ են մշակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից «Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կառավարության ներկայացուցչիհետ հանդիպման գնացած առևտրականը։
Հայտնել ենք, որ «Stop Wildberies Armenia» նախաձեռնության անդամները կառավարության մոտ ակցիա են իրականացնում`բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։
«Մեզ ասացին` գնացեք։ Այդ հարցը ՊԵԿ–ը պետք է քննարկի։ Ասացին` նախագիծ են մշակում «Wildberries»–ին զսպելու, նոր օրենք հանելու։ Բայց մենք չենք եկել զսպելու, մենք եկել ենք փակելու»,–ասաց առևտրականը։
Նա հավելեց, որ կառավարության տված պատասխանից գոհ չեն և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։
«Էստեղից ո՞ւր գնանք։ Մեր ապրանքը արժեզրկվում է, մի կտոր վաճառք չունենք, «Wildberries»–ի դիմաց 92 թվականի հացի հերթն է։ Մենք ամեն օր ֆինանսական կորուստներ ենք ունենում»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Wildberries–ը 6 ամսում ՀՀ բյուջե է մուծել 3600 մլն դրամ, որից 175 մլն–ը` տույժ և տուգանք
Նրանք կոչ արեցին բոլոր տնտեսվարողներին հավաքվել կառավարության մոտ։
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
«Wildberries»-ից արձագանքեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, որը վերացվել է։