Բայդենի օրոք Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության չափը գերազանցել է 44,4 մլրդ դոլարը

Պենտագոն
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը կկազմի 600 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր գումարը Ջո Բայդենի նախագահության ընթացքում գերազանցել է 44,4 մլրդ դոլարը, իսկ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ ավելի քան 43,7 մլրդ դոլարը, հայտարարել են Պենտագոնում։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 600 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում, որը ներառում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ սարքավորումներ և հրետանային զինամթերք: Խոսքը նոր սպառազինության գնումների մասին է՝ ի տարբերություն նախօրեին հայտարարված Պենտագոնի մատակարարումների։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, «այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև կադրերի պատրաստմամբ․․․ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, այլ երկրների տարածքում»։