Ավելի քան 17 մլն ֆունտ ստեռլինգով ՀՀ–ն Մեծ Բրիտանիայում նոր դեսպանատուն է ձեռք բերել

ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ ձեռք է բերել դեսպանության նոր շենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը 1992 թ. ի վեր տեղակայված է Լոնդոնի հայ համայնքի տրամադրած մի շենքում, որտեղ դեսպանությունը զբաղեցնում էր ընդամենը երկու սենյակ։
«Մեր վարկանիշի բարձրացման համար անհրաժեշտ էր նոր շենք, դա ոչ միայն կտա հարմարավետ պայմաններ, այլև կբարելավի հյուպատոսական ծառայությունները, կիրականացնի ներկայացուցչական ծառայություններ, քանի որ հիմա միջոցառումների համար վարձակալվում են այլ տարածքներ»,– նշեց փոխնախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ կարևոր համարեց այս գործարքը։ Նրա խոսքով` անձամբ չի եղել դեսպանության հին շենքում, սակայն նրանք, որոնք եղել են, պատմել են և նաև այն լուսանկարները, որ տեսել է, եկել է այն եզրահանգման, որ իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն։
«Ասում են` ո՞ւր է մեր դիվանագիտությունը…Մեր դիվանագիտությունը մի այգու մեջ մի իշաոտնուկ դրած, վրան նստած է` մեր դրոշն էլ վերևը կախած, ասում ենք` սա մեր դեսպանատունն է։ Այս իրավիճակը շատ երկրների մեր դեսպանատներում է` մի տեղ տանիքն է կաթում, մյուս տեղում հատակն է ծակ, պատուհանը չկա։ Սա անթույլատրելի է։ Պետություն ունենալը թանկ է, ո՞վ է ասել, որ էժան է»,– հայտարարեց նա։
Վարչապետը նաև ավելացրեց, որ իր անձնական դիրքորոշումն է եղել, որ բոլոր երկրներում ՀՀ–ն ունենա պատշաճ դեսպանատներ։