ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցում տղամարդն օդաճնշիչ ատրճանակից երկու կրակոց է արձակել հարևանի ոտքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 6-ին` ժամը 18.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ հարևանը պնևմատիկ հրացանով կրակել է իր ուղղությամբ, ինքը վնասվածքներ չի ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 18․30-ի սահմաններում, շենքի առաջին հարկում ծագած վիճաբանության ժամանակ 43-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից երկու կրակոց է արձակել 23-ամյա հարևանի ոտքերի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննության ընթացքում 43-ամյա տղամարդը շենքի ընդհանուր օգտագործման լոգարանի պահարանից ներկայացրել է նշված ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: