Անհապաղ դադարեցնել սադրանքները. «Ռոսիա Սեգոդնյան» Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին

Աշոտ Գևորգյան. Արխիվային լուսանկար
Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը խաթարելուն ուղղված հնարավոր սադրանքներին պետք է վերջ դրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» մեդիաընկերությունը Sputnik Արմենիա լրատվական գործակալության աշխատակից Աշոտ Գևորգյանի ձերբակալության հետ կապված կոչ է անում անհապաղ դադարեցնել երկու երկրների բարեկամությանը սադրող արարքները։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա Սեգոդնյա» մեդիաընկերությունը։
Տեղեկացրել էինք, որ ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
«Լրագրողի կալանավորումը, հատկապես առաջին հայ-ռուսական մեդիա ֆորումի ֆոնին, պահանջում է ծանրակշիռ հիմնավորում: Մենք ակնկալում ենք բոլոր ընթացակարգային նորմերի պահպանում, օբյեկտիվություն և նախաքննության անաչառություն»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը խաթարելուն ուղղված հնարավոր սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ քաղաքացի, բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա գործակալության աշխատակից Աշոտ Գևորգյանը նախօրեին ձերբակալվել են Գորիսում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ: