ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես քննարկվել են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման մանրամասներ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը՝ կողմերը կարևորել են կրթական ծրագրերի արդիականացումը և զարգացումը:
Կողմերը քննարկել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացման հետ կապված մի շարք հարցեր: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։
Կոպիրկինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համատեղ նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:
ՌԴ դեսպանը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: