Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊԲ–ն հերքում է

Ասկերան
Սա այսօրվա մեջ արդեն 2–րդ ապատեղեկատվությունն է, որ տարածում է ադրբեջանական կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է այն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։
«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախի մասով սա օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է, որ տարածում է ադրբեջանական կողմը։ ՊԲ-ն առավոտյան հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: