Ադրբեջանական շարժերն Արցախի և ՀՀ ուղղություններով որոշակիորեն աճում են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Շարժը, ըստ ԱԺ պատգամավորի, վտանգավոր է, հատկապես, Արցախի այս անցումային ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի` Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ այնտեղ անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսից քիչ չեն:
«Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը։ Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը»,– գրել է նա:
Նա հիշեցնում է, որ արցախցին այսօր դիմակայում է սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը, բայց այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան:
Նշենք, որ ադրբեջանական զինուժի շարժի ֆոնին շատ փորձագետներ խոսում են ռազմական լայնածավալ գործողությունների վեսկսման հավանականության մասին։ Բացի այդ Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում թե՛ ՀՀ–ի, թե՛ Արցախի մասով` հետագայում իր ակտիվացումն արդարացնելու համար։