5000 տոննայից ավելի խաղող մթերողները 1 կգ–ի դիմաց լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում կստանան

Այգեգործն իր բերքը ձեռքին. Արխիվային լուսանկար
Այս տարի խաղողի գնի նվազագույն սահմանաչափ 110 դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մեծ քանակով խաղաղ մթերող կազմակերպությունների համար ՀՀ կառավարությունը նախատեսել է սուբսիդավորում։
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար 1 կգ դիմաց կնախատեսվի լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, 10 հազար տոննայից ավելի մթերողների համար` 50 դրամ։
«Դա թույլ կտա տնտեսվարողին և՛ լավ գներով մթերել, և՛ արտաքին շուկաներում լինել մրցունակ»,– հայտարարեց նախարարը։
Քերոբյանն իր ներկայացրած նախագծերի փաթեթը հիմնավորեց նրանով, որ խաղողից արտադրված կոնյակի արտահանումը արտաքին հիմնական շուկաներ դժվարացել է, քանի որ դրամով արտահայտված խաղողի կոնյակի գինն արտարժույթով ավելի թանկ է ստացվում հիմա։
Բացի այդ, տնտեսվարողները նախապատրաստվել էին այս տարի 65 հազար տոննայով ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին էր։
Այդ պատճառով նաև այս տարի խաղողի գնի նվազագույն սահմանաչափ է դրվել 110 դրամը։
ՀՀ կառավարությունը նախատեսել է նաև խաղողի գնում պետական ընկերության կողմից, որպեսզի մի կողմից հենց պետությունն իրականացնի կոնյակի սպիրտի արտահանումը, մյուս կողմից` խաղող մթերողներին լրացուցիչ դրամական հոսքեր տալ, որպեսզի մթերումը կարողանան ամբողջ ծավալով անել։
Ի դեպ, ինչպես նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պետությունն ամեն սպիրտ չէ, որ գնելու է, այլ դրա որակը ստուգվելու է հեղինակավոր լաբորատորիաներում։
Նա նաև նշեց, որ հանրապետությունում խաղողի խոշոր մթերողներն ընդամենը 3-4–ն են։
ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի այն դիտարկմանը, թե այս նախագծից փոքր մթերողները չեն կարող օգտվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ ամբողջ նպատակը հենց այն է, որ այդ փոքրերը ևս ձգտեն աճել կամ իրենց արտադրանքը վաճառեն ավելի թանկ` «հենդ մեյդ» ապրանքանիշի տակ։