ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Զամբիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին առաջին տիկին Էսթեր Լունգուին և գողության մեղադրանք ներկայացրել նրան: Տեղեկությունը հրապարակվել է Զամբիայի ոստիկանության պաշտոնական կայքում։
«Ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել նախկին առաջին տիկին Էսթեր Լունգուին և ձերբակալել նրան։ Նրան 3 կետով մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի գողության համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանից բացի, ձերբակալվել է ևս չորս անձ, որոնց մեղադրանք է ներկայացվել նույն հոդվածով:
Էսթերին մեղադրում են նաև ապօրինի ծագման գույք ունենալու համար։ Իրավապահները կասկածում են, որ նրա գույքը ձեռք է բերվել հանցավոր գործունեությունից ստացված եկամուտով։
Բոլոր ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ։