Տվել ենք հստակ ցուցում՝ ծնողները չպետք է մասնակցեն բացակա գրքերի պատճենահանմանը. նախարար

Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանի խոսքով` մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման ֆոնին դպրոցներին տրվել է հստակ ցուցումներ, որ ծնողները չպետք է ունենան մասնակցություն 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների բացակա դասագրքերի որոշակի էջեր պատճենահանելու գործում։ Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք: Շատ կարևոր փոփոխություն ենք իրականացնում: Մենք գնացել ենք նոր դասագրքերի ստեղծման ճանապարհով, որը երկրում չէր իրականացվել շուրջ 15 տարի: Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն: Մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր: Ես սա նաև դիտում եմ իբրև փորձարկում: Մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարաններում, մենք շատ ուշադիր կհետևենք առաջացող հարցերին, դրա արդյունքում կլրամշակենք»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր մտել են դպրոցներ:
«Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր դասագրքերն առկա են էլեկտրոնային տարբերակով։
Նշենք, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են կատարվել։
Չափորոշչի ներդրմանն ընդառաջ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ–դպրոցների ցանկը։