ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս մենք արդեն բոլոր կողմերի հետ աշխատանքային շփումներ կունենանք այդպիսի մատակարարումների սխեմայի բոլոր տեխնիկական բաղադրիչները մշակելու համար։ Մի շարք հարցեր կան դիտարկելու՝ լոգիստիկա, ֆինանսներ և շատ այլ բաներ, երթուղիներ, նպատակային երկրներ, քանակ»,-ասել է նա։
Հիշեցնենք` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին հանդիպել էին Սոչիում: Պետությունների ղեկավարները քննարկել էին հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:
Պուտինը հայտարարել էր` ՌԴ-ն պատրաստ է վերակենդանացնել հացահատիկի գործարքը և դա կանի իսկույն ևեթ, հենց որ կատարվեն բոլոր արձանագրված պայմանավորվածությունները։ ՌԴ նախագահը նշել էր, որ չնայած բոլոր խոչընդոտներին` Ռուսաստանը մտադիր է շարունակել պարենամթերք և պարարտանյութեր արտահանել, նպաստել գների կայունացմանն ու համաշխարհային գյուղատնտեսական ոլորտում իրավիճակի բարելավմանը:
Հիշեցնենք նաև, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվեց հուլիսի 18-ից. ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին ծանուցել էր դրա երկարաձգման դեմ առարկության մասին: