Մեծ ֆանտազիա ու սադրիչ փորձեր. ՌԴ ԱԳ փոխնախարարները` ՆԱՏՕ–ին Հայաստանի միանալու մասին

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը վստահ է, որ հայ ժողովուրդը բավարար իմաստություն ունի սադրանքներին չտրվելու, հակառուսական ու հակահայկական գործընթացներին չմասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Միխայիլ Գալուզինը մեկնաբանել են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
«ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտե» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Գյունտեր Ֆելինգերը օրեր առաջ Հայաստանին կոչ էր արել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
«Դրանք մեծ ֆանտազիաներ են,– ասել է ռուս պաշտոնյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում,–Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք հաշվի ենք նստում իրականության հետ»։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը բավականաչափ իմաստություն ունի, որպեսզի չտրվի դաշինքի ազդեցության դաշտ ներքաշելու ՆԱՏՕ-ական փորձերին։
«Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն փորձում է իր քայքայիչ ազդեցության ոլորտ ներքաշել ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Ես համոզված եմ, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը բավարար իմաստություն, հեռատեսություն, ժամանակակից միջազգային իրողությունների օբյեկտիվ ըմբռնում ունի, որպեսզի չգնա ՆԱՏՕ– ի կողմից Հայաստանին իր ազդեցության ոլորտ ներքաշելու նման սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերին»,– նշել է փոխնախարարը։
Նա շեշտել է` Ռուսաստանը ոչ մեկին ու ոչինչ չի թելադրում, բայց ՆԱՏՕ–ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքներ բերի անվտանգության ապահովման առումով։
Գալուզինը հույս է հայտնել, որ Հայաստանն այնպիսի որոշումներ կկայացնի, որոնք կհամապատասխանեն Հայաստանի անվտանգության երկարաժամկետ շահերին։
Հավելենք, որ ՆԱՏՕ–ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆերինգերի հայտարարությունից հետո ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր` Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է տարբեր ձևաչափերով և պատրաստ է շարունակել այդ գործընթացը: