Մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ-ի Պետդեպ

Վեդանտ Պատել
Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,-ասել է Պատելը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։