Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածով

Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում`փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2008-2015 թթ Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին` խախտել է մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել օտարման ոչ ենթակա հողատարածքներ:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին։
Եվ այսպես,Կարապետ Գուլոյանն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 782.3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին:
ՀՀ–ում ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
Իսկ Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով`պատմության և մշակույթի արժեք հանդիսացող գույքն օտարել է ինքն իրեն: Այնուհետև իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիների՝ Օ.Գ.-ի և Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդու՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
«Կարապետ Գուլոյանը, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը(համապատասխանաբար՝ 1545.0 քմ և 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Աբովյան համայնքի նախկին ղեկավարն իր օգնական Մ.Հ.-ի և համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել նաև մասնավորեցման ոչ ենթակա 768.5 քմ մակերեսով զբոսայգին:
Նա բոլոր այդ տարիներին նաև որևէ գործողություն չի ձեռնարկել իր ընտանիքի կողմից տնօրինվող նախկինում ինքնակամ կառուցված 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը (հասցեն` ք. Աբովյան, Հատիսի փողոց), 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ։ Հակառակը՝ կատարել է պաշտոնեական կեղծիք. հատակագծում չի ներառել հողամասի՝ շինությամբ ծանրաբեռնված լինելու փաստն ու 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով երկարաժամկետ վարձակալության է տրամադրել իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը:
Կարապետ Գուլոյանը, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է իր լիազորություններն ու կատարել նաև փողերի լվացում:
Գագիկ Ծառուկյանի փեսան պատրաստվում է դիմել իրավական համակարգին
Մասնավորապես՝ 454 մլն 662 հազար դրամ կադաստրային արժեքով բնակելի կառուցապատման հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելով գյուղատնտեսականի՝ ձևական աճուրդների միջոցով ցածր գնով՝ 712 հազար 400 դրամով այն օտարել է փաստացի իրեն պատկանող «Ա. Ավդալյան» ՍՊ ընկերությանը և օրինականացրել գույքը:
Իր օգնական Մ.Հ.-ի, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի և «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում Աբովյան համայնքի նախկին ղեկավարը նաև ինքն իրեն է օտարել Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված հողատարածքը: Այնուհետև փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով 5.9 հա արտադրական և արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի և ձևական առուվաճառքի պայմանագրերով 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս:
Կարապետ Գուլոյանի նկատմամաբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ նախկին Քրեական օրենսգրքի
308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը` 1 դրվագ),
308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`6 դրվագ),
Նոր Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ` 1 դրվագ),
296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում` 2 դրվագ)
445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը` 2 դրվագ):
Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, Աբովյան քաղաքի մասնավորեցման ոչ ենթակա Ռոսիա փողոցի 1/4, Կոտայքի 1/80 հասցեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին օտարված ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը, գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված և հետագայում Մ.Մ.-ին վաճառված հողատարածքները օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան: