Կանգնեցնել ցեղասպանությունը, հետո բանակցել. ԱՄՆ Կոնգրեսում Արցախի հարցով լսումներ են

Լուիս Մորենո Օկամպո
Օկամպոյի խոսքով` ԱՄՆ–ն չի կարող ներգրավված լինել բանակցություններում, երբ Ալիևը ցեղասպանությունն օգտագործում է որպես բանակցության մեթոդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հիմա բանակցություններն ընթանում են ցեղասպանություն իրագործողի ու նրա զոհերի միջև։ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձաժողովում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Դուք պետք է տեղ հասցնեք այս տեղեկատվությունը` սա տեղի է ունենում հիմա, սա կարևոր է ձեզ համար, որովհետև ԱՄՆ–ն խորը ներգրավված է բանակցությունների գործընթացում, բայց բանակցությունները ցեղասպանողի ու զոհերի միջև են։ Սրանք բանակցություններ չեն։ Պետք է դադարեցնել այս ամենը, հետո բանակցել։ Դուք չեք կարող ներգրավված լինել բանակցություններում, երբ նախագահ Իլհամ Ալիևը ցեղասպանությունն օգտագործում է որպես բանակցային մեթոդ, ամեն ինչ շատ պարզ է։ Պետք է դադարեցնել հերքելը, ճանաչել ցեղասպանությունը, կանգնեցնել ու կանխել` փրկելով 120 հազար հայերի կյանքը»,– ասաց Օկամպոն` դիմելով հանձնաժողովի անդամներին։
Նա շեշտեց` շատերը կարծում են` որպեսզի իրավիճակը «ցեղասպանություն» կոչվի, պետք է մեծ թվով զոհեր լինեն։ Բայց ցեղասպանության տարբեր ձևեր կան, օրինակ` ստեղծել պայմաններ մարդկանց ոչնչացնելու համար։ Դա այն է, ինչ հիմա Լեռնային Ղարաբաղում անում է Ադրբեջանը։
«Ես կարիք չունեմ այնտեղ գնալու, հետաքննություն իրականացնելու. Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ դիտարկել են հարցը, նրանք լսել են Հայաստանին ու Ադրբեջանին և եզրակացրել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կենսական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար,– նշեց Օկամպոն և դիմեց կոնգրեսականներին,– հայերը ձեր կարիքն ունեն թույլ չտալու համար 1915 թվականի կրկնությունը»։
Օկամպոն ընդգծեց` այն, որ Լեռնային Ղարաբաղում կատարվողը ցեղասպանություն է, ակներև է։
«Բայց եթե ևս մեկ անգամ համոզվելու կարիք կա, ուրեմն թող նախագահ Բայդենն ու պետքարտուղար Բլինկենը զանգեն Ալիևին ու ասեն` կա՛մ բացում ես միջանցքը, կա՛մ նշանակում է` դու հիմա ցեղասպանություն ես անում։ Եվ վերջ»,– ասաց նա։
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթն էլ իր բացման խոսքում ներկայացրեց այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Սմիթը նաև պատմական որոշ փաստեր ներկայացրեց` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ապրում են արդեն մոտ 2000 տարի։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղը 1990 թվականին անկախություն է հռչակել, թեպետ այդ անկախությունը որևէ երկիր, այդ թվում` Հայաստանը չի ճանաչել։ Արտաքին աշխարհի հետ կապը պահվում էր Լաչինի միջանցքի միջոցով։
Սմիթը նաև հիշեցրեց` Ադրբեջանը շարունակաբար խախտել է հրադադարի ռեժիմը, ամենաագրեսիվ գործողությունը 2020 թվականի սեպտեմբերին էր` Թուրքիայի կառավարության աջակցությամբ։
«Ադրբեջանն ամբողջապես արգելափակելով Լաչինի միջանցքը` նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հայերին սովամահության դատապարտել։ Այնպես որ շատ պարզ է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ընդունում Ադրբեջանին ինտեգրումը, դա մահապատիժ կլինի»,– ասաց նա։
Սմիթը նշեց` վաղը ևեթ հանձնաժողովը նամակով կդիմի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։
Նա նաև տեղեկացրեց` հիմա աշխատում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքներին վերաբերող օրինագծի վրա և հույս ունեն, որ այն շուտով կներկայացնեն Սենատին և նախագահին։
Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսն էլ խոսեց ոչ միայն 2020 թվականի, այլև 2016–ի թվականի պատերազմի մասին` շեշտելով, որ միջազգային հանրությունը ձախողեց ու չպատժեց հանցագործներին։ Նա «պատերազմական հանցագործություններ» անվանեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարածները` քաղաքացիական անձանց թիրախավորում, առևանգումներ, ռազմագերիների միջազգայնորեն ընդունված իրավունքների խախտումներ, ահաբեկիչների ներգրավումը պատերազմում և այլն։ Շեշտեց` նոր հանցագործությունները սպասելի են, եթե դրանց հեղինակները չպատժվեն։
Նշենք, որ հանձնաժողովի լսումները բաց էին, ներկա էր ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։