ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Իրանի Հակաականային գործունեության կենտրոնը ՀՀ-ում հնարավոր է, որ հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնի։ Այս մասին հայտնում է Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Հնարավորության դեպքում Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի պատվիրակությունը պաշտոնական այցով Իրանում էր։
Կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նրանք այցելել են ԻԻՀ Քուրդիստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում «ՀԱՓԿ» հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի ընթացքում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։