ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Կանադայի դեսպանատունը, որը Հայաստանում կբացվի հոկտեմբերին, հավելյալ խթան կդառնա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար: Այս մասին շեշտվել է այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերիի հետ հանդիպման ընթացքում: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար: Նա շեշտել է, որ Հայաստանի ու Կանադայի հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն, իսկ վերջին տարիներին համագործակցությունն ավելի է ակտիվացել:
«Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»,– ասել է նախագահ Խաչատուրյանը։
Դեսպանն իր հերթին ասել է` թեպետ տխուր է, որ հեռանում է, միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում է՝ թողնելով նոր դեսպանատուն ու նոր դեսպան։
«Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»,– նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, քննարկվել է ընդհանուր իրավիճակը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է` Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ: