Հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը ՊՆ–ում ներկայացվել է օտարերկրյա ռազմական կցորդներին

ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնյան օտարերկրացիներին հայտնել է, որ հայկական ԶՈւ–ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա սրացումներ թույլ չտալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը օտարերկրյա ռազմական կցորդների ու ներկայացուցիչների հետ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպում ՀՀ ՊՆ–ում
«Օտարերկրյա պաշտոնյաներին ներկայացվել են վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի մանրամասները։ Լևոն Այվազյանը նաև պատասխանել է հետաքրքրող հարցերին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպում ՀՀ ՊՆ–ում
Հանդիպմանը նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար գնդակոծում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: