«Գնալով սրվում է»․ Կրիվոպուսկովը՝ ՀՀ իր մուտքի արգելքի մասին

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը
Վիկտոր Կրիվոպուսկովը կարծում է, որ չի ստացվի բաժանել ռուս և հայ ժողովուրդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը մեկնաբանել է իր մուտքը երկիր արգելելու փաստը:
Կրիվոպուսկովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Երևանի հետ տեսակամուրջի ընթացքում՝ Մոսկվայից հարթակի միացմամբ, նշել է, որ Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումն ամենավառ հաստատումն է այն բանի, որ Հայաստանում իրավիճակը գնալով թեժանում է:
«Այսօր Սորոսի «ճտերը» թիրախավորել են ամենասուրբ բանը՝ ռուսների և հայերի միջև բարեկամությանը, միջանձնային հարաբերությունները, հազարամյա կապերը, երբ չկային պետություններ, չկային տեղեկատվական ուղիներ և կապեր»,-ասել է Կրիվոպուսկովը:
Նրա խոսքով՝ ռուս և հայ ժողովուրդների բարեկամության պատմությունը սկիզբ է առնում իշխանուհի Օլգայի և իշխան Վլադիմիրի ժամանակներից, և ռուսներին ու հայերին հնարավոր չէ բաժանել:
«Եկեք մտածենք Փաշինյանի ասած խոսքերի մասին, թե նա նույնիսկ գիշերը երազում տեսնում է, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից։ Չի ստացվի, հայի սիրտը չես հանի»,-ասել է Կրիվոպուսկովը։
Նա նշել է, որ այդ կործանումը չեն տեսնի ոչ ԱՄՆ-ն, ոչ Լոնդոնը, ոչ էլ Թուրքիան։ Կրիվոպուսկովը իր համար Հայաստան մուտք գործելու արգելքը կապել է երկու ժողովուրդները բաժանելու ծրագրերի հետ։ Նա չի բացառում, որ այդ հարցում ինչ-որ մեկը հաջողություններ ունի։
Կրիվոպուսկովն ընդգծել է, որ հասարակական կառույցների գործունեությունն ուղղակիորեն փոխկապակցված է ժողովրդական դիվանագիտության հետ, որը չի ենթարկվում իշխանությունների հրամաններին և կամքին և կախված չէ դրանցից: