ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցելու մեր ընտրանու առաջիկա խաղերին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Հայտնի է դարձել, որ Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով:
Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:
Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիա է մեկնելու վաղը՝ սեպտեմբերի 7-ին, իսկ հանդիպումը թուրք ֆուտբոլիստների հետ կայանալու է սեպտեմբերի 8-ին։
Երեք օր անց Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է աշխարհի 2022 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ։ Ներկա դրությամբ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր տրամադրության տակ ունի 23 ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք ընտրական հանդիպում է անցկացրել` Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ: Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել։