ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այս մասին գրում է Alpha News-ը։
«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելի Բաքու»,–հայտնում է լրատվամիջոցը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունենալով դեսպանների ամենամյա խորհրդաժողովում հայտնել էր, որ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
Նա նշել էր, որ կպահանջի Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգան միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա։
Հիշեցնենք` Էմանուել Մակրոնը Հայաստան է այցելել 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ։
2017 թվականին Ֆրանսիայի նախագահ դարձած և 2021 թվականին վերընտրված Էմանուել Մակրոնը, ի տարբերություն Ֆրանսիայի նախորդ նախագահների, պաշտոնական կամ պետական այցով Հայաստանում չի եղել։
2006 թվականին Ժակ-Շիրակը պետական այցով ժամանել է Հայաստան, 2011 թվականին՝ Նիկոլա Սարկոզին, 2014 թվականին՝ Ֆրանսուա Օլանդը։ Օլանդը 2015 թվականին երկրորդ անգամ այցելել է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո գործող նախագահ Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել է, որ ինքը գնալու է Հայաստան, երբ ԼՂ հարցում փոփոխություն լինի, և Ֆրանսիան ասելիք ունենա։