ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում չի այցելի Հայաստան։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով իր աղբյուրներին։
«Alpha News»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնն ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:
«ՀՀ ԱԳՆ–ի մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում Մակրոնի այց չի նախատեսվում»,– նշում է ՀԺ–ն:
Հիշեցնենք` Էմանուել Մակրոնը Հայաստան է այցելել 2018 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ։
2017 թվականին Ֆրանսիայի նախագահ դարձած և 2021 թվականին վերընտրված Էմանուել Մակրոնը, ի տարբերություն Ֆրանսիայի նախորդ նախագահների, պաշտոնական կամ պետական այցով չի եղել Հայաստանում։
Ժակ Շիրակը պետական այցով Հայաստան է եկել 2006 թվականին, Նիկոլա Սարկոզին` 2011 թվականին, Ֆրանսուա Օլանդը` 2014 թվականին։ Օլանդը 2015 թվականին երկրորդ անգամ է այցելել Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։