ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Անհայտ անձինք «Վայբեր» հավելվածի միջոցով անհատապես կամ խմբերում նամակներ են ուղարկում ՀՀ քաղաքացիներին ու հատուկ հղման շնորհիվ խաբեությամբ հասանելիություն ստանում նրանց հաշիվներին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և լուսանկար հրապարակել։
Այնտեղ գրված է. «Կարևոր տեղեկություն, դիտե՛ք բոլորը!» և դրան կից հղում է։
«Հիմա էլ ձեզանից գողանում է մեր սիրված Վայբերը։ Դուք անհատապես կամ խմբերում ստանում եք նամակ։ Այդ նամակի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։ Եթե սեղմել եք, մտեք settings-account-desctop and tablets, ու «դուրս գցեք անառակին»։ Եթե արդեն ձեր հաշվից դուրս են հանել, փորձեք մտնել «Վայբերի» կայք, լացացնող նամակ գրել»,– հայտնել է Մարտիրոսյանը։
Նա շեշտել է, որ «Վայբերին» գրելուց հետո ամեն դեպքում չարժե մեծ հույսեր ունենալ։ Պետք է ուղղակի իրավիճակը չհասցնել դրան։ Ըստ մեդիափորձագետի` ավելի լավ է ուղղակի չսեղմել հղման վրա և չբացել այն։
Շատ օգտատերեր գրառման մեկնաբանություններում հայտնել են, որ հիմնականում տվյալ հղումը խմբերում է հայտնվում։