ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Բլինկենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել ԱՄՆ դիրքորոշումն արտացոլող կոչը` բացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային բեռների և ուղևորափոխադրումների համար։ Միաժամանակ նա ընդգծել է «Ադրբեջանից հավելյալ երթուղիների բացման կարևորությունը»։
Բլինկենն ընդգծել է երկխոսության և փոխզիջումների անհրաժեշտությունը և հակամարտող կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին։
Նշենք, որ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ հեռախոսազրույցի ամսաթիվը սեպտեմբերի 1-ն է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։