ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշայինների մրցավեճում Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ և լքեց պայքարը, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի կազմում առաջինը մրցահարթակ դուրս եկած Յայլյանն ու Գրիգորյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էին համապատասխանաբար 85 և 83 կգ։
Գրիգորյանը արդյունավետ մոտեցում կատարեց, իսկ Յայլյանի առաջին մոտեցումը հաջողված չէր։ Բացի այդ, Իզաբելան վնասվածք ստացավ ու հրաժարվեց հետագա պայքարից։ Ալեքսանդրա Գրիգորյանն էլ պոկում վարժությունում իր մյուս մոտեցումները «ծախսեց» 86 կգ քաշ կշռող ծանրաձողը բարձրացնելու վրա, բայց անհաջող։ Նա վարժությունն ավարտեց 83 կգ արդյունքով, ինչը Ալեքսանդրային ապահովեց 7-րդ տեղը վարժությունում։
Հրում վարժությունում նա առաջին մոտեցման համար պատվիրել էլ 107 կգ։ Բայց պատվիրված քաշը գլխավերևում պահեց միայն երկրորդ մոտեցման ժամանակ։ Երրորդ մոտեցման համար Գրիգորյանը պատվիրեց 114 կգ։ Բայց չկարողացավ գլխավերևում պահել այդ քաշը և երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Վաղը աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կունենա առաջին մասնակիցը տղամարդկանց մրցումներում։ 67 կգ քաշային կարգում մրցահարթակ է դուրս գալու Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Սահակյանը։
Նշենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: