Արմեն Գրիգորյանն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է իրավիճակն Արցախում

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից կարևոր է ջանքերի գործադրումը` Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի–Sputnik. Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Տեղեկությունը նշված է Արմեն Գրիգորյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ»,– նշված է գրառման մեջ:
ԱԽ քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Գրիգորյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։