ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գյումրի–Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներնանհապաղ միջոցի խնդրագրով դիմել են ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Սա նշանակում է, որ եթե դատարանը բավարարի դիմումը, ապա Ադրբեջանից նախ կպահանջի տեղեկատվություն դիակի տեղափոխման գործընթացի հնարավոր խոչընդոտների ու վերլուծումների վերաբերյալ և երկրորդ` կարող է նաև Ադրբեջանից պահանջել ապահովել դիակի տեղափոխումը դեպի Արցախի Հանրապետություն»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա տեղեկացրեց, որ ի սկզբանե ՀՀ կառավարությունը որոշակի քայլերի է դիմել, որպեսզի ՄԻԵԴ–ի միջոցով ապահովի Հելեն Դադայանի դիակի տեղափոխումն Արցախի Հանրապետություն, բայց դրական արդյունք չի եղել։
«Պատերազմական գործընթացում էլ ՄԻԵԴ–ը չներգրավվեց դիերի վերադարձման գործընթացում և պահանջները մերժեց այն պատճառաբանությամբ, որ դրանք դատարանի մանդատի թույլատրելի շրջանակններից դուրս են և չեն առանչվում այն իրավունքներին, որոնք դատարանը կիրառում է։ Մասնավորապես` կյանքի իրավունքը»,– հայտնեց նա։
Սիրանուշ Սահակյանը հավելեց նաև, որ Հելեն Դադայանի դիակի տեղափոխման գործի հետ կապված, դատարանը միանշանակ ընդունում է, որ ընտանիքի, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում կա, քանի որ ընտանիքը զրկված է դին հուղարկավորելու հնարավորություննից, բայց դրական արդյունքը երաշխավորված չէ։
Նա նշեց, սակայն, որ այս գործընթացն ունի առանաձնահատկություն` Ադրբեջանը քաղաքական պահանջներ է դնում քաղաքացու իրավունքների ապահովման համար։ Այնպես որ, անհատական գանգատի շրջանակում այս հիմնախնդիրը կարող է դրական լուծում ստանալ։
«Մասնավորապես` պահանջում է փաստաթղթեր, որտեղ տեղանունները պետք է մատնանշվեն ոչ թե հայկական, այլ ադրբեջանական անուններով, կամ Արցախի Հանրապետության փոխարեն գրված լինի Ադրբեջանի Հանրապետություն։ Շահարկվում են միջպետական բնույյթ ունեցող քաղաքական հարցադրումներ և քաղաքացու վրա դրվում է բեռ` տրամադրելու այնպիսի փաստաթղթեր, որոնք զուտ քաղաքական հարցերի են առնչվում ու որևէ կերպ կապված չեն մարդու իրավունքների իրականացման հետ»,– ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը հավելեց նաև, որ ՄԻԵԴ–ից ակնկալում են պատշաճ գնահատական մարդու իրավունքների խախտումների դեպքին։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 12 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածներից մեկն արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա հարզատներն այդ հարցով դիմել են Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։