Աննա Հակոբյանը մեկնել է Կիև` մասնակցելու «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին

Աննա Հակոբյան
ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցելու է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք գագաթնաժողովի կայքում։
Այն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ ագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր, օրինակ` պատերազմը և հոգեկան առողջությունը, արվեստը և հոգեկան առողջությունը, ապագա սերունդը և հոգեկան առողջությունը և այլն։
2023 թվականի գագաթնաժողովին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի և այլ երկրների առաջնորդների տիկնայք։ Ներկա են լինելու նաև Դանիայի, Սլովակիայի, Սլովենիայի և այլ երկրների կին առաջնորդների ամուսիններն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, Sputnik Արմենիան կապ հաստատեց Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ, որն ընդգծեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից և ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։
Սարուխանյանի խորհրդով մենք գրեցինք Հակոբյանի «Ֆեյսբուքի» էջին, սակայն մեր նամակն անպատասխան է մնացել։