Աննա Հակոբյանը Կիևում խոսել է 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման մասին

Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի կինը ջերմ ու անմիջական շփումներ է ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Կիևում կազմակերպված «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովում բարձրացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման հարցը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Կիևում ջերմ և անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների և Դանիայի, Սլովենիայի և Սլովակիայի պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,– գրել է նա։
Աննա Հակոբյանը ցույց է տվել` ինչպես է օրը սկսել Կիևում
Նշենք, որ «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի նախաձեռնությամբ։ 3-րդ գագաթնաժողովի գլխավոր թեման եղել է հոգեկան առողջությունը և դրան առնչվող այլ հարցեր։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա, որն ուղեկցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը։
Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Sputnik Արմենիան կապ էր հաստատել Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանի հետ։ Նա ասել էր, որ ինքը տեղյակ չէ տիկնոջ անձնական այցերից, ամեն բան չէ, որ իրեն հայտնում են։
Ի՞նչ էր անում վարչապետի կինը բունկերում. Փաշինյանի պատասխանը