Ադրբեջանն ուզում է խաբել միջազգային հանրությանը, թե ԼՂ–ում շրջափակում չկա. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ–ում ժողովուրդի սովահարության մասին են վկայում նաև միջազգային հայտնի կազմակերպություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքն անօրինական արգելափակված չէ։ X–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին։
«Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ Մինչդեռ միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, հաստատել են, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է»,– գրել է Մարուքյանը։
Եթե Լաչինի միջանցքը փակված չէ և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա, ըստ Մարուքյանի, ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը։
Նշենք, որ օգոստոսի 29–ին ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուր էր փորձում ուղարկել Ստեփանակերտ։ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին իրականացրել` նշելով, որ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։