ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական հաղորդագրությունը։
Ադրբեջանի ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր փորձել են Քաշաթաղի շրջանում ինժեներական աշխատանքներ կատարել։
«Սա հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն` ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,– շեշտում են ՊՆ–ից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում և Արցախում իբրև թե հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։