ՌԴ-ն Հայաստանից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանի հետագա քայլերը կախված են հայկական կողմի պատասխանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան արդեն պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան հետագա քայլերը կորոշի` ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ-ին կոչ էր արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները:
Նա նշել էր, որ այդ հարցով երկու երկրների ԱԳՆ-ները երկխոսություն են վարում։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով` վավերացման։
Հայաստանն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ. Սուրենյանցը` Հռոմի ստատուտի վավերացման մասին