Մոսկվայում կիրականացվեն ԵԱՏՄ երկրների համար բժշկական ԱԲ ծառայությունների փորձարկումներ

ԵԱՏՄ երկրների դրոշները
Ցանկացած բժշկական արտադրանք գործնական օգտագործումից առաջ պետք է տեխնիկական և կլինիկական փորձարկումներ անցնի պետական գրանցում ստանալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության կենտրոնը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցման համար արհեստական բանականության բժշկական համակարգերի տեխնիկական փորձարկումներ և հետազոտություններ կիրականացնի, հայտնել է Մոսկվայի սոցիալական զարգացման հարցերով փոխնախարար Անաստասիա Ռակովան:
Ռակովան նշել է, որ Մոսկվան մեծ քայլ է կատարել թվային տեխնոլոգիաների ոլորտում և առողջապահության ոլորտում արհեստական բանականության ծառայությունների ներդրման համաշխարհային առաջատարներից մեկն է:
«Այժմ հնարավոր է այդ համակարգերի փորձարկում անցկացնել ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար։ Մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության կենտրոնն ընդգրկված է Ռոսզդրավնադզորի ռեեստրում և ԵԱՏՄ բաց տվյալների պորտալի կազմակերպությունների ցանկում և իրավունք ունի արհեստական բանականության համակարգերի կլինիկական և տեխնիկական փորձարկումներ անցկացնել»,- մեջբերվում է նրա խոսքը Մոսկվայի քաղաքապետի և կառավարության կայքում։
Նա հավելել է, որ տարբեր երկրներից ծրագրավորողները կարող են թույլտվություն ստանալ Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում իրենց նորարարական լուծումներն օգտագործելու համար:
«Այդպիսի տեխնոլոգիաների ներդրումն ամենօրյա պրակտիկայում բժշկական օգնությունն ավելի որակյալ և մատչելի կդարձնի շատերի համար, ոչ միայն Մոսկվայում և Ռուսաստանում, այլև այլ երկրներում»,-հավելել է նա:
Նշվում է, որ նախքան գործնական օգտագործումը ցանկացած բժշկական արտադրանք պետք է տեխնիկական և կլինիկական փորձարկումներ անցնի պետական գրանցում ստանալու համար: Այս կատեգորիայի մեջ են մտնում նաև արհեստական բանականության համակարգերը, որոնք ներկայումս ակտիվորեն ներդրվում են բժշկական պրակտիկայում։