ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ այսօր վերացվել է Մամիկոն Ասլանյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում վերջնականապես հաստատելու խոչընդոտը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան, հասարակական–քաղաքական գործիչ Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
«Վանաձորցիների ընտրությունը խլել են գործող իշխանությունները՝ Ասլանյանին շուրջ 2 տարի ազատազրկելով, միաժամանակ՝ իրավական բեսպրեդելով կասեցնելով քաղաքապետի պաշտոնում Ասլանյանի հաստատվելը»,– գրել է Բաբայանը։
Նրա խոսքով` 2021 թ. Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց որոշում կայացրեց ու մերժեց «Լուսավոր Հայաստանի» բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստել է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի և ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, կամ իրենց մանդատ տան, սակայն դատարանը մերժել էր ԼՀԿ-ի հայցը, որից հետո վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ «Լուսավորը» դրանից հետո դիմել էր վճռաբեկ դատարան:
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին: