Կուբանի բնակիչներից մեկին ձերբակալել են Ուկրաինա մեկնելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Ռուսաստանի քաղաքացու՝ Կրասնոդարի երկրամասի բնակչի հակաիրավական գործունեությունը, որը կասկածվում է հակառակորդի կողմն անցնելու միջոցով պետական դավաճանություն նախապատրաստելու մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացին Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու նպատակով շփում է նախաձեռնել Ուկրաինայի անվտանգության ծառայությունից մի հավաքագրողի հետ, որը կամավորներ է պատրաստում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով և 275-րդ հոդվածով (պետական դավաճանության նախապատրաստում հակառակորդի կողմն անցնելու ձևով):