Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայկական պատվիրակությունը Բիշքեկ է մեկնել 14 մարզիկից բաղկացած թիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի թիմը խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հայ ըմբիշները խուլերի աշխարհի առաջնությանը մասնակցում են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
«Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք նաև, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:
Հայաստանի թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծաքանակ պատվիրակությամբ է մեկնել մրցավայր: Թիմի կազմում 14 մարզիկ է ընդգրկված: