ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնական խնդիրներից է հանրությանը բացատրել, որ կուսակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ թե քաղաքապետի պաշտոնից ինքնակամ է հեռացել, այլ նրան հանել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության ավագանու թեկնածու Իզաբելլա Աբգարյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Աբգարյանի խոսքով` քաղաքացիների մոտ դեռ ընկալում կա, թե Մարությանն ինքնակամ է հեռացել պաշտոնից։
«Մեծ թվով քաղաքացիներ ունենք, որ ասում են` ինչու գնաց Հայկ Մարությանը, ընտրել էինք իրեն։ Մարդիկ չեն ընկալում, որ Հայկին իմպիչմենտի են ենթարկել։ Մենք հիմա ստիպված բացատրում ենք մարդկանց, որ ինքը չի գնացել և մտադիր էլ չէր գնալու»,–ասաց Աբգարյանը։
Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ մարդիկ բակերում կուսակցության քաղաքապետի թեկնածուին ընդունում են այնպես, ինչպես 2018 թվական նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը, Աբգարյանի կարծիքով, այնքան էլ դուր չի գալիս իշխանություններին։
«Իշխանությունը խուճապի մեջ է, հատկապես վերջին երկու օրերին` տեսնելով, թե ինչ ջերմությամբ են մարդիկ Հայկ Մարությանին դիմավորում բակերում։ Մենք տեսնում ենք` ինչ կատաղի ապատեղեկատվություն է դաշտ լցնում, որովհետև հասկանում են, որ խնդիր ունեն»,–ասաց նա։
Թե ինչու է նախկին քաղաքապետը կրկին մասնակցության հայտ ներկայացրել իր թիմով, Աբգարյանը պարզաբանեց` ցանկանում են շարունակել այն, ինչ սկսել են և ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, որն իրենց չթողեցին անել։ Մասնավորեցնելով` նա առանձնացրեց միասնական տոմսային համակարգի ներդրումը, որի տենդերը հաղթած ընկերություն կար Մարությանի օրոք, ինչպես նաև աղբի տեսակավորման գործընթացը շարունակելը, աղբավայրի կառուցումը և երևանցիների մասնակցությունը քաղաքի կառավարմանը։
«Մասնակցային կառավարումը` ժողովրդի մասնակցությունը քաղաքի կառավարմանը էլ ավելի ուժեղացնելու ենք։ Մենք նախատեսում ենք քաղաքացիների համագումար տարին առնվազն մեկ անգամ, որ մարդիկ իրենց ելույթներով ասեն` ինչից են դժգոհ, ինչ առաջարկներ անեն»,–նշեց նա։
Իզաբելլա Աբգարյանը, որն այս պահին համարվում է անկուսակցական ավագանու անդամ, ընդգծում է, որ Երևանում տեղի են ունենում գործընթացներ, մասնավորապես գնումների, տենդերների հետ կապված, որոնք թաքուն են պահվում անգամ ավագանու անդամներից։ Միևնույն ժամանակ իշխող թիմի վարած ոչ պրոֆեսիոնալ կադրային քաղաքականությունը պատճառ է դարձել այս ընտրություններին իրենց կուսակցության մասնակցության համար։
«Այսքան փինաչություն, որ իշխող ուժն է քաղաքում արել..., ես չգիտեմ վաղը, որ գանք իշխանության` ոնց ենք դա կարգավորելու։ Մեր ընտրվելուց հետո առաջին խնդիրն է լինելու բացել կաբինետների դռները և գործին ոչ գիտակ ու ոչ մասնագետներին դուրս հրավիրել։ Յուրաքանչյուր ոլորտում պետք է լինի մարդ, որն այդ ոլորտում փորձ ունի»,–ասաց Աբգարյանը։
Այս համատեքստում «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու թեկնածուն բացառեց իշխող ուժի հետ կոալիցիան, կամ աջակցությունը նրանց։
«ՔՊ–ն մի ամբողջ բորշչ եփեց վերջին 2 տարվա խայտառակ կառավարմամբ։ Միևնույն ժամանակ մենք բացառում ենք նաև նախկին նախագահների հետ կապ ունեցող ուժերի հետ համագործակցությունը, այս դեպքում` «Մայր Հայաստան» դաշինքի` մեր քաղաքական կենսագրությունից ելնելով»,–ընդգծեց Աբգարյանը։
Ինչո՞ւ պետք է երևանցին իր ձայնը տա հենց իրենց. Աբգարյանը այս հարցին պատասխանեց ասացվածքով` «մենք փորձած թան ենք»։ Նրա գնահատմամբ` քաղաքացիները տեսել են Հայկ Մարությանի աշխատանքը, և սա հնարավորություն իրենց կիսատ թողածը շարունակելու համար։
Բացի վերոնշյալը, Աբգարյանը ՀՀ–ի համար մեծ հաղթանակ է համարում այն, որ Երևանում իշխող ուժն այլ ուժ լինի, որը կստիպի կառավարությանը հաշվի նստել երևանցու տված քվեի հետ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17–ին են։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք։