ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին ՀՀ 17 քաղաքացի փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ նրանք, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով 70 հազարից մինչև 300 հազար դրամ են տվել քաղաքացի Գ.Գ.-ին:
«Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին և 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):
Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ)):
2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: