ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ երկրները պետք է միասնականություն պահպանեն Արևմուտքի ագրեսիայի պայմաններում, հայտարարել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Միցկևիչը:
«Մեզ համար չափազանց կարևոր է պահպանել միասնականությունը ՀԱՊԿ-ի շարքերում, ավելացնել համատեղ դիրքերի առաջմղմանն ուղղված ջանքերը և փոխշահավետ տնտեսական համագործակցության նոր ձևեր փնտրել»,-մեջբերում է Sputnik Բելառուսը Միցկևիչի խոսքը ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ թե՛ բելառուսներին, թե՛ ՀԱՊԿ երկրների մյուս ժողովուրդներին կարիք չկա բացատրել, թե ինչ է պատերազմը։
«Այդ պատճառով մենք միջազգային հանրությանը համառորեն կոչ ենք անում բոլոր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել, որ հավաքական Արևմուտքը ձևացնում է, թե չի լսում նման կոչերը։
«Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում աշխատանքը գնալով բարդանում է։ Արևմտյան օրակարգից դուրս գտնվող ցանկացած նախաձեռնություն արգելափակվում է»,-ասել է Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը։
Նա նշել է, որ, ըստ էության, այդ կառույցներն աստիճանաբար վերածվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ազդեցության գործիքների, իսկ մյուս երկրների և ինտեգրացիոն կառույցների շահերն անտեսվում են:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է, և այն, ինչ տեղի է ունենում մասնակից երկրների սահմաններին, արդեն «ոչ թե պարզապես ուժի ցուցադրում է, այլ բացահայտ ռազմական պատրաստություն»: