Սեպտեմբերի 5-ին լրանում է ռոքի լեգենդ, աշխարհահռչակ Queen խմբի առաջին վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի (իսկական անունը՝ Ֆարուհ Բալսարա) ծննդյան 77-ամյակը: Ֆրեդիան ծնվել է Զանզիբարում, որտեղից երիտասարդ տարիքում ընտանիքի հետ արտագաղթել է քաղաքական փոփոխությունների հետ կապված անկարգությունների պատճառով։
Հայտնի Queen խմբի մեներգիչըդառնալուց առաջ Մերկուրին մի քանի երաժշտական խումբ է փոխել։ Ի դեպ, ի սկզբանե խումբը կոչվում էր Smile և վերանվանվել է հենց Ֆրեդիի պնդմամբ։
Մերկուրին հեղինակել է Queen խմբի այնպիսի հիթեր, ինչպիսիք են "Bohemian Rhapsody", "Killer Queen", "Seven Seas of Rhye", "Somebody To Love", "We Are the Champions", "don' t Stop Me Now", "Crazy Little Thing Called Love" և այլն։
Հայտնի է, որ Մերկուրին սարսափելի վախենում էր ինքնաթիռներով երթևեկելուց, պաշտում էր կատուներին, իսկ համերգից առաջ ոգեշնչման համար ավելորդ չէր համարում ինչ-որ մեկի հետ վիճել։ Ընդ որում, նա չի տառապել ավելորդ համեստությամբ։ Նրան վերագրում են հայտնի արտահայտությունը՝ «Ես ինչ-որ ռոք աստղ չեմ լինի, ես լեգենդ կդառնամ»։ Չորս օկտավայի վոկալի տիրույթը, էկզոտիկ տեսքը և էքսցենտրիկության ու բուրլեսկի նկատմամբ հակվածությունը Մերկուրիին արագորեն դարձրին աստղ, իսկ Queen-ը՝ 20-րդ դարի բրիտանական ռոքի առանցքային խմբերից մեկը:
Այնուամենայնիվ, Մերկուրիի կյանքը լի էր ոչ միայն մեծությամբ և փառքով, այլև ողբերգությամբ: Երկար տարիներ նա ստիպված էր թաքցնել ոչ միայն ծագումը, իրական ազգանունը, սեռական կողմնորոշումը, այլև սարսափելի ախտորոշումը։ Նա մահացավ 45 տարեկան հասակում ՁԻԱՀ-ից: