Էրդողանը կրկին չարդարացրեց Արևմուտքի հույսերը

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում. Արխիվային լուսանկար
Էրդողանի՝ Արևմուտքին ուղղված ժեստերը պետք է ընկալել որպես բոլոր ճակատներում նրա մշտական խաղի տարր, նշում է ՌԻԱ Նովոստիի հեղինակը:
Sputnik
Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպումն առաջինն էր անցած աշնանից ի վեր. այն ժամանակ նախագահները երկու անգամ շփվել էին Միջին Ասիայի գագաթնաժողովների շրջանակներում: Բայց շատ ավելի կարևոր էր այն, որ Սոչիի հանդիպումը առաջին բանակցություններն էին երեք ամիս առաջ Թուրքիայի նախագահի վերընտրվելուց հետո, քանի որ դրանից հետո շատ շահարկումներ եղան Անկարայի կուրսի փոփոխության շուրջ։
Թե՛ Թուրքիայում, թե՛ նույնիսկ մեզ մոտ շատ խոսակցություններ եղան այն մասին, որ «Էրդողանը գլորվում է դեպի Արևմուտք», այդ մտքին էին հարմարեցնում ամեն ինչ, ներառյալ Մոսկվային ակնհայտորեն դուր չեկած այնպիսի քայլեր, ինչպիսիք են Թուրքիայում գտնվող ազովականներին Կիևին հանձնելը։
Այնպես որ, այս հանդիպումը պետք է ցույց տար երկու առաջնորդների տրամադրվածությունն ու ռուս-թուրքական հարաբերությունների վիճակը, և հենց դա էր դրա գլխավոր ինտրիգը, այլ ոչ թե հացահատիկի գործարքի վերսկսումը։
Քանի որ հացահատիկի գործարքի հարցում առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր. այն չի լինի, քանի որ Թուրքիան չի կարող ազդել Արևմուտքի դիրքորոշման վրա Ռուսաստանի պայմանների կատարման հարցում։ Ինչն էլ հաստատեց հանդիպումը։ Փոխարենը կա ռուսական հացահատիկի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի պայմանավորվածությունը Թուրքիայի և Կատարի հետ։
Այն ձեռնտու է և՛ Մոսկվային, և՛ Անկարային, որոնք տրամադրված են ոչ միայն լուծել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, այլև այդ հարաբերությունները արտաքին ուժերի ազդեցությունից ավելի անկախ դարձնել։ «Երկու երկրների հարաբերությունները կախված չեն արտաքին ազդեցությունից» ձևակերպումը Մոսկվայի և Պեկինի կողմից կիրառվում է ռուս-չինական հարաբերությունների առնչությամբ, բայց ռուս-թուրքական հարաբերություններում նույնպես այդպիսի անկախ կապեր կառուցելու ցանկություն և հնարավորություն կա։
Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նա Անդրկովկասում (ռուսական շահերի գոտում) ազդեցությունը մեծացնելու հավակնություններ ունի, մեր երկրները տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, էլ չասած Ուկրաինայի հարցում Անկարայի դիրքորոշման մասին։
Բայց թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ Ուկրաինայի հարցում, թե՛ Սիրիայի հարցում Էրդողանը իր խաղն է վարում, թուրքական շահերին համապատասխանող դիրք է զբաղեցնում (իհարկե, իր պատկերացմամբ), ուրիշի կամքի ու երրորդ երկրների շահերի իրականացնողը չէ։ Եվ սա է նրա սկզբունքային տարբերությունը հավաքական Արևմուտքի երկրների առաջնորդներից (Գերմանիայից մինչև Ճապոնիա). նա բացարձակապես ինքնուրույն քաղաքական գործիչ է, որն առաջնորդվում է բացառապես սեփական տերության ազգային շահերով։
Թուրքիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան
Եվ դա նրան ավելի է միավորում Պուտինի հետ, քան մեր երկրների միջև առկա բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներն ու տարաձայնությունները։ «Էրդողանի հետ կարելի է գործ ունենալ»,-բազմիցս ասել է Պուտինը: Եվ նույնը Թուրքիայի նախագահը կարող է ասել իր ռուս գործընկերոջ մասին, ում հետ աշխատում է արդեն երկու տասնամյակ։
Հենց այդ պատճառով էլ Սոչիում Էրդողանը խոսել է ռուս-թուրքական հարաբերություններում նոր նախագծերի, այդ թվում՝ ևս մեկ ատոմակայանի կառուցման մասին։ Ոչ թե Պուտինին հաճոյանալու կամ կաշառելու համար՝ ինչ-որ այլ ուղղություններով զիջումների հասնելով, այլ որովհետև գիտի՝ երկու երկրների հարաբերություններն ապագա ունեն։
Ընդ որում, իսկապես լուսավոր ապագա․ թե՛ այն պատճառով, որ դրանք ձեռնտու են երկու երկրներին, թե՛ այն պատճառով, որ դրանց զարգացումը կախված է միայն Մոսկվայից և Անկարայից։ Մեր միջև առկա խնդիրները հավերժ չեն, և եթե արդեն երեք պատերազմները, որոնցում այս կամ այն կերպ ներգրավված են մեր երկրները (Սիրիայում, Ղարաբաղում և Ուկրաինայում) չկարողացան խաթարել Պուտինի և Էրդողանի հարաբերությունները (որոնք հաղթահարեցին ութամսյա դադարը նույնիսկ թուրք-սիրիական սահմանին մեր ռազմական ինքնաթիռի ոչնչացումից հետո), դա այն պատճառով չէր, որ նրանք աչք էին փակում հակասությունների վրա, այլ որովհետև անկեղծորեն փորձում էին դրանց լուծման ուղիներ գտնել։
Եվ հաճախ գտնում էին, ինչպես նույն Սիրիայում, որտեղ, ի դեպ, իրավիճակի զարգացումը վերջին օրերին (քրդերի դեմ արաբների ապստամբությամբ) նոր հնարավորություններ է տալիս Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման համար։
Իսկ Էրդողանի՝ Արևմուտքին ուղղված ժեստերը պետք է ընկալել այնքան, որքան դրանք արժեն իրականում՝ որպես բոլոր ճակատներում նրա մշտական խաղի տարր։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սկզբունքային բարելավումն անհնար է, ինչպես անհնար է նաև Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, և Էրդողանը դա շատ լավ հասկանում է։
Անհնար է հենց այն պատճառով, որ Թուրքիայի նախագահը չի պատրաստվում զիջել իր համար սկզբունքային հարցերում (ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական), չի պատրաստվում հրաժարվել թուրքական շահերից (Սիրիայում, Անդրկովկասում, Կիպրոսում, Հունաստանի հետ հարաբերություններում և այլն), թեև հենց դա են նրանից պահանջում արևմտյան «գործընկերները»։ Նրանք շատ կցանկանային նաև թուրք-ռուսական հարաբերությունների փոփոխություններ, բայց դրանք վատացնելու փոխարեն Էրդողանը կարող է Արևմուտքին առաջարկել միայն դրանց զարգացումը։