Արևմտյան առաջնորդները հաստատ բավական տհաճ հարցեր են հասցեագրելու Վլադիմիր Զելենսկուն, որն այս ամսվա երկրորդ կեսին ժամանելու է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և հատուկ Ուկրաինային նվիրված քննարկմանը Անվտանգության խորհրդում։ Ինչո՞ւ է այդքան համեստ արդյունքներ տվել հակահարձակումը երկրի հարավ-արևելքում, ինչո՞ւ է այդքան անհաջող ընթանում զորահավաքը, և վերջապես ինչո՞ւ չեն դադարում բանակի հետ կապված կոռուպցիոն սկանդալները։ Հենց էստեղ էլ թաքնված է այն հարցի պատասխանը, թե ինչու Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատեց Ալեքսեյ Ռեզնիկովին. չէ՞ որ Արևմուտքին հուզող բոլոր խնդիրները զինված ուժերի հետ են կապված։
Ճիշտ է, նախկին նախարարին ոչ մի պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, բայց հիշենք Սովետի իրականությունը, երբ բարձրաստիճան պաշտոնյայի մասին բացասական լուրեր էին տարածվում, հետո նրան պաշտոնանկ էին անում և չակերտավոր «պատժում»՝ որևէ երկրում դեսպան նշանակելով։ Ռեզնիկովին էլ ուղարկելու են Լոնդոն` պնդում են ուկրաինական աղբյուրները։ Համաձայնե՛ք, Հայդ փարքում ճեմելը և Բրիտանական թանգարան այցելելը շատ ավելի հաճելի է, քան Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավորներից պարբերաբար մեղադրանքներ լսելը։ Իհարկե, Հայաստանի ղեկավարների օրինակով կարելի է անընդհատ պնդել, որ համակարգային կոռուպցիան վաղուց վերացել է, բայց ախր ստիպված ես պատասխանել շատ կոնկրետ հարցերի. ինչո՞ւ եք բանակի համար ձուն հատը 120 դրամով գնել, երբ Կիևի խանութներում այն շատ ավելի էժան է։ Կամ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Թուրքիայում պատվիրել էիք 180 հազար զինվորական բաճկոն՝ հատը 29 դոլարով, բայց վերջում դրանց գինն աճեց գրեթե մինչև 90 դոլարի։
Այս ամենն առաջին հայացքից կարող է մանրուք թվալ, եթե հաշվի առնենք, որ ինչպես հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Դենիս Շմիգալը, պետությունը բանակի վրա տարեկան ծախսում է 55 միլիարդ դոլար, իսկ ռազմական գործողությունների յուրաքանչյուր օրը հարկատուների վրա 100 միլիոն դոլար է նստում։ Իհարկե, արևմտյան լիդերները կարող են հակադարձել՝ բայց չէ՞ որ այդ հսկայական ֆինանսական միջոցների առնվազն մի զգալի մասը մենք ենք տրամադրում Ուկրաինային։ Սակայն Զելենսկին էլ կարող է պատասխանել՝ բա հենց բանակը կոռուպցիայից զերծ պահելու համար էլ ես ազատել եմ նախկին նախարարին և նշանակել մի մարդու, որի անունը երբեք որևէ սկանդալի հետ չի կապվել։
Իսկապես, Ռուստեմ Էնվեր օղլի Ումերովը, որի թեկնածությունը դեռ պետք է հաստատի խորհրդարանը, այնքան էլ հայտնի չէ լայն հանրությանը։ Դա շատ լավ է` պնդում է ուկրաինացի մեկնաբաններից մեկը՝ բացատրելով` սովորաբար բարձրաստիճան պաշտոնյան հայտնի է դառնում իր արտառոց հայտարարությունների և սկանդալների շնորհիվ, իսկ եթե նրա մասին պարբերաբար չեն խոսում, ուրեմն մարդը համեստորեն զբաղվում է իր աշխատանքով։
Հետաքրքիր է, որ Ումերովը երբեք չի քննադատել Զելենսկուն և նրա թիմակիցներին, թեև ժամանակին Գերագույն Ռադայի պատգամավոր է դարձել «Գոլոս» կուսակցության ցուցակով, որը գլխավորում էր Հայաստանում էլ հայտնի «Օկեան Էլզի» ռոք խմբի առաջատար երգիչ Սվյատոսլավ Վակարչուկը։ Իսկ այդ արվեստագետը երբեք չի թաքցրել իր քննադատական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ և ի վերջո հրաժարվել է պատգամավորի մանդատից։
Ասում են, թե Ռուստեմ Ումերովը բանակի հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել, մասնագիտությամբ տնտեսագետ է և զբաղվել է հեռահաղորդակցություններով։ Բայց նախ դա ՆԱՏՕ-ի երկրներում շատ տարածված երևույթ է։ Այդ պետություններում նաև կանայք են շատ հաճախ պաշտպանության նախարար դառնում։ Հետո էլ՝ ինչո՞ւ ենք հեռու գնում. իսկ Հայաստանի պաշտպանության ներկա նախարարը նախկինում զինվորակա՞ն է եղել։ Հիշենք նաև, որ Սպարապետը՝ Վազգեն Սարգսյանը, մինչև Ղարաբաղյան շարժումը գլխավորում էր «Գարուն» ամսագրի հրապարակախոսական բաժինը։
Այնուամենայնիվ, Ռուստեմ Ումերովի հետ կապված մի, այսպես ասենք, ոչ կոնվենցիոնալ հանգամանք կա։ Նորանկախ Ուկրաինայի պատմության ընթացքում դեռ երբեք նախարարի պաշտոն չէր զբաղեցրել մահմեդականը։ Իսկ Ռուստեմ Ումերովը մահմեդական է, ծագումով Ղրիմի թաթար։ Ավելին, 2007 թվականից եղել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի խորհրդականը։ Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Զելենսկին այս հանգամանքն էլ է հաշվի առել, երբ առաջարկել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։
Չէ՞ որ վերջերս ոչ միայն որոշ փորձագետներ, այլև նույնիսկ արևմտյան տարբեր գործիչներն են ավելի ու ավելի հաճախ ակնարկում՝ Ուկրաինան չպետք է բացառի նաև այն տարբերակը, որ հետ չի ստանա Ղրիմը (նշենք, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց ինքնավարության կարգավիճակի հանրաքվե, ընտրողների ավելի քան 96%-ը կողմ էր, որ հանրապետությունը միանա Ռուսաստանի Դաշնությանը–խմբ)։ ԲիԲիՍի-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. «Ումերովի նշանակումը նաև ուղերձ է նման մտքերի հեղինակներին. «Ախ, դուք կարծում եք, թե Ուկրաինան կարող է դուրս գալ պատերազմից առանց Ղրիմի՞։ Հրաշալի է, դե գնացե՛ք ու ասե՛ք դա մեր պաշտպանության նախարարին, որի նախնիները Ղրիմն իրենց հայրենիքն են համարում»։