Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
ՀՀ վարչապետը կարևորել է դպրոցների կառուցման կառավարության ծրագիրը և հույս հայտնել, որ առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց կատարած այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու: Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»,–ասել է նա:
Բացի այդ, վարչապետը կարևորել է կառավարության` 300 դպրոց կառուցելու ծրագիրը և հույս հայտնել, որ առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն:
Անդրադառնալով դպրոցների կառուցման մոդուլային նախագծին` Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոցի տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել:
«Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածության խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»,– ասել է նա:
Նշենք, որ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի համար գույքի ձեռք բերելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 73 աշակերտ:
Խնդիրների արմատը պետք է փնտրել դպրոցում. Փաշինյանը նորակառույց կրթօջախներ է այցելել