ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արվեստների և արհեստների միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ակնկալվում է, որ հյուրերի թիվը կհասնի 5000–ի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի» նախագահ Մարիա Մինասյանը։
2013 թվականից անցկացվող փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը` առանձին տաղավարներով։
«Փառատոնն արժեքավոր է նրանով, որ զբոսաշրջիկը մեկ օրում և մեկ վայրում կարող է ծանոթանալ Հայաստանի մշակույթին։ Բացի այդ, տեղում վարպետները վարպետության դասեր են տալիս, կարող եք տեսնել բրուտագործների, գորգագործների, երաժիշտների։ Ամեն տաղավար իր գույնն ունի ու հիշեցնում է տվյալ համայնքը»,–ասաց նա։
Մինասյանը նշեց` ամեն տարի նոր վարպետներ են մասնակցում, ինչը նշանակում է, որ մարդիկ սիրում են փառատոնը և սպասում։
Միջոցառմանը մասնակցում են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսությունները, որոնք ներկայացնում են իրենց ազգային մշակույթն առանձին տաղավարներով։ Նախորդ տարվանից փառատոնին մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունները։