ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչները փորձագիտական մակարդակով համաձայնեցրել են ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2023 թվականի սեպտեմբերի 5-ին ԱՊՀ կենտրոնակայանում տեղի ունեցավ ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի լրացուցիչ նիստը։ Փորձագետները լրամշակել և համաձայնեցրել են ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագիծը, ինչպես նաև համաձայնեցրել են այդ հարցի վերաբերյալ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշման նախագիծը», -ասված է հաղորդագրության մեջ:
Տեսակոնֆերանսի ձևաչափով միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից: Փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ԱՊՀ մասնակից պետություններին՝ ներպետական համաձայնեցման։