Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում. Միրզոյանը զրուցել է Բերբոքի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, և դա պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում են ՀՀ ԱԳՆ–ից, քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր:
«Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկուստեք ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը:
Նախարար Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը։
Նա նաև ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:
«Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, ցավոք, դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար»– նախարարի խոսքերն է մեջբերում ՀՀ ԱԳՆ–ն։
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության երկկողմ օրակարգի առաջմղման հնարավոր քայլերին:
Միրզոյանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը միջնադարյան պաշարում է անվանել