ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շենգավիթ բժշկական կենտրոնը։
«Ծանոթացե՛ք, փոքրիկ Վանեն է` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի նորածին քույրը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վահեի մայրը` 44-ամյա Լուսիկ Մանուչարյանը, պատմել է, որ ամուսնու հետ մտադրություն չեն ունեցել կրկին երեխա ունենալու, սակայն դուստրը, որը եղբոր կորուստը շատ ծանր է տանում, մի անգամ երազ է տեսել, որում եղբայրը մի նորածին աղջիկ երեխա է քրոջը տվել ու ասել. «Վերցրու նրան, որ էլ չասես` մենակ մնացի»:
Խորհրդանշական երազները շարունակվել են նաև Լուսիկ Մանուչարյանի հղիության ընթացքում: Մայրը հուզված պատմել է` դժվար հղիության ընթացքում որդին անդադար երազներումայցելել է իրեն։
Կինը խոստովանում է՝ սրտի խորքում հենց աղջիկ էր ուզում ունենալ, քանի որ տարիներ հետո հոգեպես հաստատ այլևս ուժ չէր ունենա որդուն բանակ ճանապարհելու։
Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ընտանիքի անդրանիկ զավակն էր, ունի նաև կրտսեր քույր։
Վահե Մխիթարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի պաշտպանության համար մղված մարտերի ժամանակ` ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։