ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանուն Երևանի բաց է ու պատրաստ արդյունավետ և բովանդակային համագործակցության թեկնածու ուժերի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ–ի ավագանու թեկնածու Լևոն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 23-ից մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Հովհաննիսյանի համոզմամբ` իր թիմը կառավարման 5 տարիների ընթացքում և գործող ավագանու շրջանակներում ապացուցել է, որ կարողանում է համագործակցել գործընկերների հետ։
«Մեզ հաջողվել է այս ընթացքում համագործակցել այլ ուժերի հետ։ Եթե տեսնեք ավագանու որոշումների բացվածքը, ըստ քվեարկությունների կամ առհասարակ որոշ հարցերի շուրջ, այն տեսլականները, որոնք հնչել են ավագանու նիստերի շրջանակում, ես կարծում եմ , որ դա խոսում է այն բանի մասին, որ մենք վստահաբար կարողանում ենք համագործակցել մեր գործընկերների հետ։ Եվ հիմա էլ հանուն քաղաքի մենք պատրաստ ենք ներկայացվող ուժերի հետ համագործակցել»,–ասաց Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» համար Երևանի ավագանու ընտրությունները առաջին հերթին քաղաքային տնտեսության և քաղաքի կառավարման մասին են, սակայն կուսակցության ավագանու թեկնածուն կարծում է, որ որոշ քաղաքական ուժերի համար քաղաքային բովանդակությունը երկրորդ պլան է մղվել։
Հովհաննիսյանը ԿԸՀ կայքում փորձել է ծանոթանալ մյուս ուժերի նախընտրական ծրագրերին, սակայն, նրա խոսքով, շատ քիչ ուժեր են հրապարակել իրենց ծրագիրը։
«Կարծում եմ` դա ճիշտ երևույթ չէ և հուշում է այն բանի մասին, որ կան քաղաքական ուժեր, որոնք ավելի շատ ուզում են քարոզարշավը տանել քաղաքական լոզունգների և քաղաքական մեղադրանքների ներքո։ Պետք է առաջին տեղում լինեն ծրագիրը ու բանավեճերը, հիմնական խոսակցությունները և քննարկումները լինեն քաղաքի ապագայի զարգացման շուրջ։ Իհարկե, քաղաքական կոմպոնենտ, մրցակցություն կա այս ընտրություններում և պետք է լինի, սակայն առաջնային է քաղաքի ծրագրերի մասին խոսելը»,–նշեց նա։
Իշխող ուժը այս ընտրությունը դիտարկում է հնարավորություն, որպեսզի ամփոփի նախորդ հինգ տարիների աշխատանքը։
Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ծրագրի բովանդակությունն էլ երկու մասով են ներկայացրել` ինչ են արել հինգ տարվա ընթացքում և ինչ են պատրաստվում անել ապագայում `այդ կերպ «մեսիջ» հղելով քաղաքացիներին, որ վերհիշեն` ինչ իրավիճակ էր 5 տարի առաջ և ինչ իրավիճակ է այսօր։
«Վստահության քվե ստանալով մեր քաղաքացիներից հաջորդող տարիների համար` հնարավորություն ենք ունենալու շարունակել այն, ինչ սկսել ենք։ Մենք մեր արդյունավետ կառավարման միջոցով կարողացել ենք թույլ տալ ավտոբուսներ ձեռք բերել, վերելակներ ձեռք բերել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ որպես համայնք կարողանանք շատ ու շատ հարցեր մեզ թույլ տանք լուծել, այդ թվում այն հարցերը, որոնք ի սկզբանե առաջնային մեզ չեն վերաբերում»,–ընդգծեց նա։
ՔՊ–ի շարունակվող ծրագրերից ավագանու թեկնածուն առանձնացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը` նշելով, որ այդ ծրագիրը իրականացվելու և իմպլեմենտացվելու է, և որի նախագծման աշխատանքները ավարտման փուլում են (նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին)։
«Եթե 2018 թվականից առաջ Երևանի կառավարիչներին հեքիաթ էր թվում, որ իրենք կկարողանան մետրոպոլիտենի շինարարության մեկնարկը սկսել և կառավարությունից գումար խնդրել, ապա հիմա մենք դրա մասին պարզ խոսում ենք, քանի որ բացի խոսքից՝ ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսերում` 2024-2026 թվականների, մետրոպոլիտենի շինարարության գումարը դրված է»,–հավելեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք